Գլխավոր էջ

воскресенье, 26 января 2014 г.

Տառապանքի պտուղը

Հատված Միշել Ուելբեկի «Պայքարի իմաստը» ժողովածուից



Աշխարհը տառապանքների տարածության անընդհատ ընդլայնումն է:Աշխարհի հիմքում մաքուր տառապանքն է: Ցանակացած գո ծավալում ու սեղմում է: Մինչ իրենց գոյությունը սկսելը, իրերը տառապում են: Անգոն մինչև գոյությունը դողում է ցավից` տհաճ պարոքսիզմներից:

Կենդանի օրգանիզմները զարգանում են, բարդանում, դառնում են բազմազան, բայց նրանց հիմքը մնում է անփոփոխ:
Երբ գիտակցության որոշակի փուլը հաղթահարվում է, լսվում է ճիչ: Նրանից է սկսվում պոեզիան: Արտահայտիչ խոսքը նույնպես:

Պոետիկ առաջին թրթիռը սկզբների սկզբին դիմելն է: Այսինքն, տառապանքին:

Տառապանքի տարատեսակներն արժանի են հետաքրքրության, բայց դա չէ կարևորը: Ցանկացած տառապանք օգտակար է ու լավ, ցանկացած տառապանք պտուղ է տալիս, ցանկացած տառապանք հենց ինքը աշխարհն է:

Մեկ տարեկան Անրին կեղտոտ տակդիրով պառկած է գետնին. նա ճչում է: Մայրն իր կրունկներով թմբկահարելով սալահատակը` տարված է կրծկալի ու կիսաշրջազգեստի որոնումներով: Նա ժամանակ չունի` ուշանում է ժամադրությունից: Այդ փոքրիկ ճչացող էակը հենց իր կեղտի մեջ թավալավում է գետնին, հունից հանում է մորը: Վերջինս էլ է սկսում գոռալ: Անրին ավելի հեռուն է գնում: Մայրը հեռանում է:

Անրին պոետ դառնալու հրաշալի շանս ունի:

Մարկը տաս տարեկան է: Նրա հայրը հիվանդանոցում մեռնում է քաղցկեղից: Ռեզինե փողակներով կապկպված այդ կիսադիակն իր հայրն է: Միայն տառապանք ու վախ արտահայտող հայացքն է կենդանի: Մարկը նույնպես տառապում է: Նա էլ է վախենում: Նա սիրում է հորը, բայց նրա մոտ ցանկություն է առաջանում, որ նա հնարավորինս շուտ մեռնի, և Մարկը դրա համար մեղադրում է իրեն:

Մարկը պետք է աշխատի: Իր մեջ նա պետք է զարգացնի տառապանքի հատուկ ու բավականին պտղաբեր տեսակ` Մեղքի Սուրբ Զգացումը:

Միշելը տասնհինգ տարեկան է: Երբեք աղջկա հետ չի համբուրվել: Նա ուզում է պարել Սիլվիայի հետ, բայց Սիլվիան պարում է Պատրիսի հետ, և պարզ երևում է` նրան դա դուր է գալիս: Միշել է սառել է. երաժշտությունը ներխուժել է իր էության խորքերը: Այդ դանդաղ ու հրաշալի ֆոքստրոտը, արտակարգ գեղեցկությունը: Նա չէր էլ պատկերացնում, որ հնարավոր է տառապել այդքան ուժեղ: Նրա մանկությունը մինչ օրս երջանիկ էր:

Տառապանքից քարացած իր հոգու մեջ տեղի ունեցածի ու հրաշալի երաժշտության կոնտրաստը Միշելը երբեք չի մոռանա:

Տղան ճիշտ ուղղությամբ է զարգանում:

Աշխարհը կազմված է տառապանքից, որովհետև նա իր հիմքերի հիմքում ազատ է: Տառապանքը համակարգի մասերի ազատ փոխգործակցության անհրաժեշտ հետևանքն է: Դուք պետք է դա իմանաք և խոսեք դրա մասին:

Ձեզ չի սպառնում ընդունել տառապանքը որպես նպատակ, որին պետք է ձգտել: Տառապանքը կա, հետևաբար, այն չի կարող լինել նպատակ:

Ցավի ետևից ցավ տալով` կյանքը ցույց է տալիս իր նենգամտությունը բաց դաժանությամբ:

Պետք է դրանք ճանաչել, սովորել: Վարժություններ արեք: Սեփական փորձով մինչև վերջ սովորեք այդ ձևերը: Հասկացեք, թե ինչ տարբերություն կա դրանց մեջ, և ինչն է դրանց ընդհանրությունը: Այդ ժամանակ շատ հակասություններ իրենք իրենց լուծում կստանան: Ձեր խոսքերին դա կավելացնի ուժ ու արտահայտչականություն:

Ժամանակակից դարաշրջանի սպեցիֆիկայի պատճառով սիրո դրսևորումները հավասարեցված են զրոյի: Բայց սիրո իդեալը չի փոխվել: Ինչպես ցանկացած իդեալ, այն, գտնվելով ժամանակից դուրս, չի կարող ոչ փոխվել, ոչ էլ անհետանալ:

Այստեղից էլ իդեալի ու իրականության անհամապատասխանությունը, ճչացող անհամերաշխությունը, տառապանքի ամենահարուստ աղբյուրը:

Ամեն ինչ որոշվում է պատանեկության շրջանում: Եթե դուք սիրո մասին մի այնպիսի պատկերացում եք կազմել, որը թեկուզ շատ քիչ է մոտ իդեալականին, ազնիվ է ու վսեմ, ապա դուք կորած եք: Ձեզ արդեն ոչինչ չի օգնի: Այն ամենն ինչ կա, Ձեզ համար միշտ քիչ կլինի:

Եթե դուք չեք հանդիպում կանանց հետ(այն պատճառով, որ ամաչկոտ եք, տգեղ և այլն), կարդացեք կանացի ամսագրեր: Այն ձեզ կապահովի տառապանքի գրեթե նույն չափաբաժնով:

Մինչև վերջ զգալ սիրո բացակայության ողջ անսահմանափակությունը: Ատելությունn ինքդ քո հանդեպ դարձնել պաշտելի: Քո հանդեպ ատելություն, ուրիշների հանդեպ արհամարհանք: Ամեն ինչ խառնել: Ընդհանրացնել: Ցանկացած իրավիճակոմ նախօրոք համարել քեզ պարտված: Աշխարհն ինչպես դիսկոտեկ: Կուտակել հիասթափություն. որքան շատ, այնքան լավ: Սովորել լինել պոետ, նշանակում է մոռանալ, թե ինչպես ապրել:


Կարող եք սիրել կամ ատել անցյալը, բայց այն միշտ պետք է լինի ձեր աչքի առաջ: Ինքդ քո մասին պետք է հասնել ամբողջական ճանաչման: Այդ ժամանակ, ձեր խորքային «ԵՍ»-ը կառանձնանա ու կգնա դեպի արևը, իսկ մարմինը կմնա` ուռչող, այտուցվող, գրգռվող… պատրաստ նոր տառապանքների:

Աղբյուրը` tululu.org

Комментариев нет:

Отправить комментарий