Գլխավոր էջ

четверг, 21 марта 2013 г.

Հիվանդ հասարակությունը




Կարծրատիպերի մեջ ապրելը հեշտ չէ, հատկապես, երբ հոգով, սրտով դեմ ես դրանց, երբ ուզում ես դուրս գալ այդ կաղապարներից ու փրկվելուց հետո բուժել նաև հիվանդ հասարակությանը:
Հիվանդ հասարակության հիվանդ անդամները կարծրատիպերը դարձնում են իրենց սկզբունքները: Եթե ինչ-որ կերպ փորձես նրանց հասկացնել, որ դրանք բացի իրենց կապանքների մեջ դնելուց, ուրիշ գործառույթ չունեն, ապա միանգամից կհամարվես վերին աստիճանի շեղված մեկը:Հասարակության մի շերտի մոտ լայնախոհությանը եկել է փոխարինելու տգիտությունն ու քաղքենիությունը. սա ստեղծում է բարոյականության իր չափանիշները, բոլորին դիտարկելով հենց իր տեսանկյունից:
Եվ աստված չանի, եթե քո քայլերը չմտնեն այդ չափանիշների մեջ: Խելացի այս շերտի կողմից կպիտակավորվես որպես անբարոյական, ով թողած մեծն հասարակության փայլատակող ուղեղը, առաջնորդվում է իր ուղեղով: Էհ, եթե սրա համար պիտի քեզ ասեն անբարոյական, թող ասեն:
Հետաքրքիրն այն է, որ քաղքենիությունից բխած չափանիշներ ստեղծողների մոտ ժամանակ առ ժամանակ լինում են այդ ամենից դուրս գալու օգտակար ցնցումներ: Բայց ախր ինչպես դուրս գալ, երբ ամբողջովին մնացել ես հասարակության կարծիքի տակ, երբ ազատվելու փորձ կատարելու պահին մեջդ արթնանում է վախ կոչվող արատը:
Երբ Հայաստանում սկսեցին ներկրվել եվրոպական ազատ վարք ու բարքի արժեքները, բոլորս չտեսի նման ընկանք դրանց ետևից: Նահապետական հայացքներից տուժած մարդկանց համար սա փրկություն էր. նրանք ի վերջո ինչ որ չափով ազատ կլինեին: Հետո այդ ամենը վերածվեց սանձարձակության. կորցրեցինք չափ ու սահման և կատարած ամեն քայլ որակեցինք որպես ազատության արգասիք` մոռանալով գիտակցության մասին:
Հասարակության մի շերտի համար էլ, առհասարակ, անընդունելի էր այս նորամուծությունը: Արդյունքում հասրակությունը ևս մեկ անգամ շերտավորվեց: Եվ թե մեկն ու թե մյուսը ստորացում համարեցին ընդունել, որ իրենք էլ կարող են սխալ լինել: Երկու կողմերն էլ տնգեցին կոտոշներն ու փնովեցին իրար:
Մեր հասարակությունն այսօր ունի ինքնամաքրման կարիք, որը կարող է ի կատար ածվել միայն լայնախոհության ու գիտակցական բարձր աստիճան ունենալու պարագայում: Հնարավոր կլինի ինքնամաքրվել միայն այն դեպքում, երբ հասարակության մի խավը մյուսին իրեն թշնամի չհամարի:

1 комментарий:

  1. Է՜հ, Լիլո, Լիլո, ափսոս որ ճիշտ բաներ ես ասում....

    http://sofiarsendotcom.wordpress.com/2012/10/27/%D0%BA%D0%BB%D1%83%D0%B1-%D0%BE%D1%82%D0%B2%D0%B5%D1%80%D0%B6%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D1%85/

    ОтветитьУдалить