Գլխավոր էջ

суббота, 14 февраля 2015 г.

Լեվիաֆան...



Կինոյից հեռու ու Անդրեյ Զվյագինցևի անունը չլսած մարդն էլ ակամայից առնչվեց նրա, այս պահի դրությամբ, վերջին ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին:
Լեվիաֆանը պատմում է մարդու ու իշխանական համակարգի անհավասար պայքարի մասին: Անվանումը վերցված է 17-րդ դարի անգլիացի փիլիսոփա Թոմաս Գոբբսի համանուն աշխատությունից, որտեղ աստվածաշնչյան կերպարը նույնացվում է իշխանության հետ:



Թե ինչու ֆիլմն այս տարի արժանացավ Ոսկե Գլոբուսի ու նոմինացվեց Օսկարի, չգիտեմ: Ոչ թե կասկածի տակ եմ առնում դրա գեղարվեստական արժեքը, այլ պարզապես չեմ դիտել նոմինանտ մնացած ֆիլմերը, որպեսզի հասկանամ, ֆիլմը հաղթեց միայն կինո հասկացության տեսանկյունից, թե շատերի պատկերացմամբ հակառուսական լինելու համար(չնայած դժար թե նման պարզունակություն լիներ):

Եթե խոսեմ անձնական տպավորությունների մասին, ապա պիտի ասեմ, որ ֆիլմ ինձ վրա գորշ նստվածք թողեց, դրեց փակուղու մեջ, որովհետև երբ ուզում էի կառչել մի կետից, որտեղից ամեն ինչ կարելի էր այլ կերպ դասավորել, զգում էի, որ նման կետ չկա, որ ամեն ինչ, պարզապես, դատապարտված էր այդպես դասավորվել: Նման ֆիլմերը, որոնք այսպես ասած թունելի վերջում լույս չեն թողնում պետք է երկու արձագանք ունենան հանդիսատեսի կողմից. առաջինը ևս մեկ անգամ քեզ անզոր զգալը, ամեն ինչ նույն ձևով թողնելն ու գլուխն ափերի մեջ առնելն է, մյուսը՝ ըմբոստության ու սառը գլխի համադրմամբ ինչ որ բան փոխելու ցանկությունը:

Ֆիլմը ոչ թե հակառուսական է, այլ հակահամակարգային առհասարակ: Նման անհավասար պայքարն ու ծախու հոգևորականը գրեթե ամեն պետության մութ կողմի բաղկացուցիչներից է: Մի մեքսիկացու կարծիքով , եթե օղին փոխարինվեր տեկիլայով, կստացվեր տիպիկ մեքսիկական պատմություն: Եվ ընդհանրապես, ռեժիսորի մոտ նման ֆիլմ նկարահանելու միտքը եկել է Ամերիկայում տեղի ունեցած մարդ-համակարգ պայքարի դրսևորում հանդիսացող մի պատմությանը ծանոթանալուց հետո:Քաղաքական ֆոնի վրա անտեսվում են ֆիլմի հոգեբանական շատ կողմերը. ընտանեկան կյանքի աղետալի դեպքերը, որոնք զուգորդված են ֆիլմի մյուս թեմային, վերլուծության պաշար է տալիս, ու էստեղ ավելի իմաստային է դառնում ինչ-որ բան փոխելու համար որևիցե կետի փնտրտուքը:

Ինչ վերաբերում է ռեժիսորական մասին, ապա ասեմ, որ այնքան եմ դիտել Զվյագինցևի հարցազրույցները, որը նրա հանդեպ ունեցած համակրանքս թույլ չի տալիս սառը գլխով դատել աշխատանքի մասին, գտնել ինչ-որ թերություններ: Կամ էլ, ռեժիսորական աշխատանքը գուցե, իրոք, անթերի էր:

Լեվիաֆանը վերաբերվում է յուրաքանչյուրիս: Պետք չէ մտածել, որ եթե հայրենիքում ֆիլմը չեն ընդունում՝ մեղադրելով այն երկիրը փնովելու մեջ, կարելի է դեպքերին նայել միայն երրորդ դեմքից: Դա բոլորիս խնդիրն է ու որքան էլ խուսափենք նման բաներից, միևնույն է, գալիս է մի օր երբ քիչ թե շատ առնչվում ենք, զգում ենք կամ չենք զգում մարդ-համակարգ պայքարի անհավասարության դառնությունն ու դրանից բխած անզորության զգացումը:



Комментариев нет:

Отправить комментарий